Այսօր հաճախ է կիրառվում «հուզական ինտելեկտ» արտահայտությունը, առկա են բազմաթիվ դասընթացներ, որոնց նպատակն է զարգացնել մարդկանց հուզական ինտելեկտը, եւ կարող ենք ասել, որ մարդկանց մոտ այսօր ձեւավորվում է ընդհանրական պատկերացում, թե ինչ է իրենից այն ներկայացնում։ Այժմ փորձենք պատմական ակնարկ կատարել, եւ հասկանալ, թե որտեղից է այն ծագում։
Մինչեւ հուզական ինտելեկտ հասկացությունը կմտներ շրջանառության մեջ, դրանից ավելի վաղ սոցիալական ուղղվածութան հոգեբաններն ու հետազոտողները արդեն իսկ սկսել էին խոսել մարդկանց զգացմունքների, հույզերի եւ վարքագծի միջեւ եղած կապի մասին։
Ամերիկացի փիլիսոփա Հենրի Նոբլ Դեյը պնդում էր, որ անհատի հոգեկան գործընթացներում՝ զգացմունքների եւ բանականության միջեւ, առկա է կապ։
1880թ․-ին շոտլանդացի փիլիսոփա Ալեքսանդր Բեյնը հետազոտեց մտքի ձեւերը, որոնք փոխկապակցված են զգացմունքների (հույզերի), կամքի (վարքագծի) եւ ինտելեկտի (բանականության) հետ: Նա պարզեց, որ անհատի համոզմունքների, բարոյականության եւ սեփական մտածողության, զգացմունքների եւ հույզերը կառավարելու կարողության միջեւ առկա է անմիջական կապ։
«Հուզական ինտելեկտ» հասկացության հիմքում ընկած գործոնները առաջին անգամ քննարկվել են կրթական փիլիսոփա Ջոն Դյուիի կողմից 1909թ․-ին։ Նա իր «Կրթության բարոյական սկզբունքները» աշխատության մեջ «սոցիալական ինտելեկտը» բացատրում էր որպես «սոցիալական իրավիճակները դիտարկելու եւ ըմբռնելու ուժ»։
1910թ․-ին անգլիացի հոգեբան Ջեյմս Սալին օգտագործեց հուզական ինտելեկտի համատեքստը հուզական եւ մտավոր գործընթացները բացատրելու համար։ Նա բացահայտեց, որ հույզերն ու բանականությունը ազդում են անհատի ընկալումների վրա, հուզական եւ բանական փորձառությունների համադրությունը ազդեցություն է թողնում հույզերի եւ ինտելեկտի կապի վրա:
Հուզական ինտելեկտի «ճանապարհորդության» հաջորդ շրջադարձային կետը սահմանեց Հովարդ Գարդները: 1983թ․-ին Գարդները խոսեց բազմակի ինտելեկտի տեսության մասին իր «Մտքի շրջանակներ» գրքում: Յոթ բաղադրիչներից բաղկացած խմբում Գարդները քննարկեց երկու «անձնական ինտելեկտներ», որոնց շրջանակը նման է «հուզական եւ սոցիալական ինտելեկտին»: Այդ երկու անձնական ինտելեկտներն են`
– ներանձնային ինտելեկտ․ սեփական զգացմունքները դիտարկելու եւ դրանցից օգտվելու ունակություն,
– միջանձնային ինտելեկտ. այլ մարդկանց տրամադրությունը, խառնվածքը, դրդապատճառները եւ մտադրությունները նկատելու եւ տարբերակելու ունակություն:
Այնուհետ, 1990թ․-ը կարեւոր տարի դարձավ հուզական ինտելեկտի համար, երբ Նյու Հեմփշիրի համալսարանի պրոֆեսոր Ջոն Մայերը եւ Եյլի համալսարանից Փիթեր Սալովեյը հրապարակեցին իրենց «Հուզական ինտելեկտ» հոդվածը «Imagination, Cognition and Personality» ամսագրում։ Իրենց մոդելում Մայերը եւ Սալովեյը քննարկել են հուզական ինտելեկտը չորս ճյուղերով՝
– հույզերի ընկալում, նույնականացում, գնահատում եւ արտահայտում,
– հույզերի օգտագործումը մտածելը հեշտացնելու համար,
– հույզերի ըմբռնում եւ ընկալում,
– հույզերի ռեֆլեկտիվ կարգավորում եւ կառավարում:
1995թ․-ին լույս է տեսնում Նյու Յորք Թայմզ ամսագրի գիտական լրագրող եւ հոգեբան Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտ․ ինչո՞ւ է այն երբեմն ավելի կարեւոր, քան IQ-ն» գիրքը, որը մեծ տարածում է գտնում ոչ միայն ակադեմիական հանրության շրջանում, այլեւ գործարար միջավայրում, եւ նույնիսկ գիտությամբ չզբաղվող մարդկանց շրջանում։ Գրքում ներկայացվում է հուզական ինտելեկտի շրջանակը չորս բաղադրիչներով՝
– ինքնագիտակցում,
– ինքնակառավարում,
– սոցիալական գիտակցում,
– հարաբերությունների կառավարում։
Այն դարձավ բոլոր ժամանակների բեսթսելլեր եւ կարեւոր դեր ունեցավ հայեցակարգի հանրահռչակման գործում:
Credits: photo by DeepMind on Unsplash
Միացի՛ր մեզ սոցիալական ցանցերում
Մեր առաքելությունն է հոգեկան առողջության իրազեկումը, հոգեկան առողջության բարեկեցությունը եւ խնամքի հասանելիությունը առաջադեմ գիտելիքների տրամադրմամբ, հոգեկան առողջության կարեւորագույն դերի հաղորդակցմամբ, աջակցող միջավայրերի խթանմամբ եւ խարանի հաղթահարմամբ: Ե՛կ միասին դա անենք։