Բուլինգն անցանկալի, ագրեսիվ վարք է, որն առկա է կամ ուղղորդված է այլ անձի նկատմամբ, ներառելով ուժի իրական կամ ընկալվող անհավասարություն։ [4] Այն այնպիսի վարք է, որում որեւէ մեկը դիտավորյալ եւ բազմիցս անհանգստացնում եւ վնասում է մեկ այլ անձի։ [1]
Ինչպե՞ս է արտահայտվում բուլինգը
Բուլինգը կարող է արտահայտվել ֆիզիկական շփմամբ, բառերով կամ ավելի աննկատ գործողություններով: [1]
Յուրաքանչյուրս թերեւս կարող ենք հիշել բուլինգի որեւէ դեպք, եւ թե ինչպես ենք զգացել մեզ այդ իրավիճակում։ [4] Բուլինգի ենթարկված անձը, որպես կանոն, դժվարանում է պաշտպանել իրեն եւ ոչնչով չի «հրահրում» այդ վարքը: [1]
Անգլիայում հետազոտության ավելի քան 2000 մասնակիցների, 12-16 տարեկան երեխաների, հարցրել են, թե որքան հաճախակի են նրանք ենթարկվել բուլինգի վերջին կիսամյակում։ Հետազոտությունը պարզել է, որ բուլինգը երեխաների մեծամասնության ամենօրյա կյանքի մաս է կազմում։ Նրանց 63 տոկոսն ասել է, որ տեսել է թե ինչպես են բուլինգի ենթարկում այլ երեխաների, իսկ նրանց 20 տոկոսը խոստովանել են, որ իրենք են բուլինգի ենթարկել այլոց։ Երեխաների 34 տոկոսը հայտնել են, որ ենթարկվել են բուլինգի։ [2]
Ի՞նչ է կիբերբուլինգը
Կիբերբուլինգը խոսքային սպառնալից կամ ոտնձգող պահվածք է, որն իրականացվում է այնպիսի էլեկտրոնային տեխնոլոգիայի միջոցով, ինչպիսիք են բջջային հեռախոսները, էլփոսթը, սոցիալական ցանցերը կամ տեքստային հաղորդագրությունները: [1]
Կիբերբուլինգը թերեւս ավելի մեծ տարածում գտավ համավարակի ընթացքում, ի նկատի ունենալով այն, որ համավարակի հետեւանքով երիտասարդներն ավելի էին կապվել թվային սարքերի հետ, իսկ որոշների համար դրանք հաղորդակցման միակ հասանելի տարբերակներն էին։ [4]
Բուլինգի ազդեցությունը հոգեկան առողջության վրա
Բուլինգի ազդեցության մասին շատ է խոսվում, մասնավորապես քննարկվում է դրա ազդեցությունը հոգեկան առողջության վրա։ [4] Անհրաժեշտ է նշել, որ այն կարող է լրջորեն ազդել երեխաների եւ երիտասարդների հոգեկան առողջության եւ բարեկեցության վրա: [5]
Այն բացասաբար է ազդում ոչ միայն բուլինգի ենթարկվածների, այլ նաեւ բուլինգին ներկա գտնվող այլ անձանց վրա։ Բուլինգին ներկա գտնվելու հոգեկան առողջության հնարավոր վնասակարության պատճառներից են սեփական բացասական փորձի մասին հիշեցումը, զգացողությունը, որ ինքդ էս բուլինգի վտանգի ենթարկվում, ինչպես նաեւ զոհին չօգնելու մեղավորության զգացումը։ [2] Դպրոցում բուլինգին ականատես աշակերտներն իրենք էլ զգում են անհանգստություն, անկախ նրանից բռնարարին են աջակցում՝ թե բուլինգի զոհին: [5]
Բուլինգը տեղի է ունենում ամենուրեք. դպրոցում, աշխատավայրում, ընկերների շրջապատում, առցանց, եւ անհրաժեշտ է հիշել, որ դա միայն երեխաների հետ չի պատահում: [4] Երիտասարդ աշխատողներն, ովքեր քաջատեղյակ չեն իրենց աշխատանքային իրավունքների մասին եւ ազգային փոքրամասնությունները համարվում են հատկապես խոցելի: Բուլինգը լայնորեն տարածված է, դեռ 2003 թվականին 300 հարցված քաղաքային աշխատողների մեկ երրորդը հայտնել են, որ ենթարկվել են բուլինգի: [3]
Հետազոտությունները ենթադրում են, որ բուլինգի ենթարկված երեխաների ու երիտասարդների դեպքում դեպրեսիայի, անհանգստությանն եւ ցածր ինքնագնահատականի առաջացումն ավելի հավանական են: [5]
Բուլինգն աշխատավայրում
Միայն այն պատճառով, որ մեզանից շատերը տանից են աշխատում, դեռ չի նշանակում, որ բուլինգը դադարել է: [4] Աշխատավայրի բռնության մասին զեկույցում Աշխատանքի միջազգային կազմակերպությունը դեռ 1999 թվականին ընդգծում էր, որ ֆիզիկական եւ հուզական բռնության ռիսկը հաջորդ հազարամյակում աշխատավայրի ամենալուրջ խնդիրներից մեկն է լինելու: Հաջորդիվ բուլինգը նկարագրվեց որպես «լուռ համաճարակ»: [3]
Ինչպես հաղթահարել բուլինգը
Բուլինգը հաղթահարելը հեշտ չէ՝ պարզ լուծումներ գոյություն չունեն: Այն կարող է մեզ դարձնել խոցելի եւ անօգնական: Բուլինգի ենթարկվելիս մենք հաճախ այնքան ցնցված ենք, շփոթված կամ վրդովված, որ վստահ չենք, թե ինչպես վարվենք: Ցավոք, այս անվճռականությունը կարող է ավելի շատ թիրախավորման հնարավորություն հանդիսանալ: [6]
- Անտեսեք բուլինգը․ բուլինգի ենթարկողների մեծ մասն արձագանք է փնտրում, հաճախ այդ արձագանքը չտրամադրելը նրանց վարքը պակաս արտահայտված դարձնելու լավագույն տարբերակներից է: [6]
- Պահանջեք որ դադարի․ ագրեսիվ վարք ցուցաբերող անձինք հաճախ չեն ակնկալում, որ որեւէ մեկը նրանց դեմ կարտահայտվի, հաճախ թիրախավորելով նրանց, որոնց վստահ են, որ կարող են վախեցնել: Երբեմն կանգ առնելու պահանջը կարող է շատ արդյունավետ լինել: [6]
- Խուսափեք բուլինգի թեժ կետերից․ երբեմն, բուլինգը կանխելու համար անհրաժեշտ է խուսափել այն վայրերից, որտեղ կռվարարներն ավելի անկաշկանդ են դրսեւորում իրենց ագրեսիան, այդ թվում խաղահրապարակի հեռավոր անկյուններից կամ դատարկ միջանցքներից: [6]
Կռվարարները սովորաբար թիրախավորում են միայնակ կամ սոցիալապես մեկուսացված անձանց: Ընկերների հետ ժամանակ անցկացնելը կարող է տրամադրել հավելյալ պաշտպանություն։ [6]
Դիտարկեք պաշտպանության այլ ուղիներ, հատկապես, եթե ահաբեկումը ֆիզիկական է: Այս տարբերակները կարող են աշխատել մի դեպքում, բայց կարող են նաեւ արդյունավետ չլինել մեկ այլ դեպքում։ Կարեւոր է գիտակցել դա եւ իմանալ, որ բուլինգը դադարեցնելու համար կարող է անհրաժեշտ լինել զուգակցել մի քանի մոտեցումներ: [6]
Աղբյուրներ
[1] https://www.apa.org/topics/bullying [“Bullying is a..”][16/12/2023]
[2] https://www.bps.org.uk/research-digest/witnessing-school-bullying-carries-its-own-psychological-risks [“The researchers asked..”; “Possible reasons why..”][16/12/2023]
[3] https://www.bps.org.uk/psychologist/hazards-health-problem-workplace-bullying [“According to a..”; “In a report..”; “Although managers are..”][16/12/2023]
[4] https://med.uth.edu/psychiatry/2021/03/12/the-impact-of-bullying-on-mental-health/ [
“There has been..”; “Just because many..”][16/12/2023]
[5] https://www.stopbullying.gov/blog/2019/10/25/effects-bullying-mental-health [“Bullying may seriously..”; “Bystanders to bullying..”; “Research suggests that..”][16/12/2023]
[6] https://www.verywellfamily.com/plan-for-standing-up-to-bullying-460810 [“Being bullied is..”; “Not reacting when..”; “Sometimes, if a..”; “Sometimes, all it..”; “Bullies usually look..”; “Talk to your..”; “All of these..”][16/12/2023]