Ամեն տարի հոկտեմբերի 10-ին նշվող Հոգեկան առողջության համաշխարհային օրը միջազգային կարեւոր իրադարձություն է՝ նվիրված հոգեկան առողջության իրազեկվածության բարձրացմանը, հոգեկան առողջության վերաբերյալ կրթության խթանմանը եւ հասարակական խարանի դեմ պայքարին։ Այն կազմակերպությունների, կառավարությունների եւ համայնքների համար ծառայում է որպես հարթակ՝ քննարկելու նրանց ընթացիկ ջանքերը եւ անդրադառնալու նրան, թե ինչպես կարելի է հոգեկան առողջության խնամքը հասանելի դարձնել բոլորին։
Այս տարվա թեման՝ «Հոգեկան առողջությունը աշխատավայրում», շեշտում է կառավարությունների, գործատուների, արհմիությունների եւ շահագրգիռ այլ կողմերի միջեւ համագործակցությունը՝ հանուն հոգեկան առողջության բարելավման։ Աշխատավայրում հոգեկան բարեկեցությունն ապահովելը կենսական նշանակություն ունի ոչ միայն աշխատակիցների համար անհատապես, այլ նաեւ կազմակերպության հաջողության համար։
Աշխատանքն ու հոգեկան առողջությունը սերտորեն փոխկապակցված են։ Աշխատանքային աջակցող միջավայրը խթանում է հոգեկան բարեկեցությունը՝ աշխատակիցներին տալով ձգտման, կայունության եւ լիարժեքության զգացում: Մինչդեռ աշխատանքային վատ պայմանները, ինչպիսիք են չափից դուրս սթրեսը, անհամաչափ պահանջները եւ ինքնավարության բացակայությունը, կարող են հակառակ ազդեցություն թողնել՝ հանգեցնելով տագնապի, հուզական այրման եւ դեպրեսիայի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) ընդգծել է մի քանի կարեւոր ուղերձներ՝ աշխատավայրում հոգեկան առողջության բարելավման համար՝ կենտրոնանալով աշխատանքային ավելի ապահով ու աջակցող միջավայրերի ստեղծման ռազմավարությունների վրա։
Աշխատավայրում հոգեկան առողջությանը սպառնացող տարածված ռիսկեր
Աշխատավայրում մի շարք գործոններ կարող են բացասաբար ազդել հոգեկան առողջության վրա։ Այդ գործոններից են․
- Խտրականությունը եւ ոտնձգությունը․ այն միջավայրերը, որոնք հանդուրժում են խտրականությունը կամ քայլեր չեն ձեռնարկում դրա դեմ, կարող են խիստ վնասել հոգեկան առողջությանը՝ տապալելով վստահությունն ու հոգեբանական ապահովությունը։
- Աշխատանքային վատ պայմանները․ աշխատանքային անվերահսկելի ծանրաբեռնվածությունը, վերահսկողության բացակայությունը կամ ոչ բավարար աջակցությունը կարող են նպաստել ստրեսին եւ հուզական այրմանը։
- Աշխատանքային անկայունությունը եւ ցածր աշխատավարձերը․ ֆինանսական անկայունությունը կամ գործազրկության վախը հանդիսանում են սթրեսի մեծ պատճառ՝ հատկապես անհաստատ կամ ցածր վարձատրվող պաշտոններում։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատանքում հոգեբանական վտանգները, ինչպիսիք են անհամաչափ պահանջները կամ ցածր վերահսկողությունը, կապված են հոգեկան առողջության խնդիրների, օրինակ՝ դեպրեսիայի եւ տագնապի ավելի մեծ տարածվածության հետ։ Ցածր վարձատրվող կամ անկայուն աշխատանքները հաճախ չունեն պաշտպանական այն միջոցները, որոնք աշխատակիցներին կարող են հետ պահել այս ռիսկերից։
Հոգեկան առողջության ոչ պատշաճ աջակցության ազդեցությունը անհատի վրա
Երբ աշխատավայրերը չեն կարողանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող աշխատակիցներին տրամադրել համապատասխան աջակցություն, հետեւանքները զգալի են։ Անհատները հնարավոր է ցուցաբերեն․
- ինքնագնահատականի եւ մոտիվացիայի կորուստ,
- կենտրոնացման կամ առաջադրանքները կատարելու դժվարություն,
- հաճախակի բացակայություններ եւ ոչ կենտրոնացած ներկայություն (ֆիզիկապես ներկա, բայց անարդյունավետ)։
Այս մարտահրավերները ազդում են ոչ միայն անհատների, այլ նաեւ նրանց ընտանիքների ու խնամակալների վրա, որոնք կարող են ունենալ հուզական եւ ֆինանսական դժվարություններ։ Հոգեկան առողջության չխնամվող խնդիրներ ունեցող անձինք հաճախ դժվարանում են զբաղվածություն պահել կամ առաջընթաց գրանցել կարիերայում, ինչն իր հերթին ազդում է նրանց կյանքի որակի վրա։
Երկարաժամկետ ազդեցությունը կազմակերպությունների եւ հասարակության վրա
Հոգեկան առողջության աննպաստ վիճակի հանգեցրած տնտեսական եւ հասարակական կորուստները հսկայական են։ Համաձայն ԱՀԿ-ի՝ ամբողջ աշխարհում դեպրեսիան եւ տագնապը հանգեցնում են տարեկան մոտավորապես 12 միլիարդ աշխատանքային օրվա կորստի` անարդյունավետ աշխատանքի հետեւանքով պատճառելով տարեկան մոտ 1 տրիլիոն դոլարի տնտեսական կորուստ։
Այն կազմակերպությունները, որոնք անտեսում են հոգեկան առողջությունը, ունենում են աշխատակիցների (ինքնակամ) ազատման ավելի բարձր ցուցանիշներ, հաճախակի բացակայություններ եւ ընդհանուր ավելի ցածր կատարողականություն։ Աշխատավայրում հոգեկան առողջությանն ուղղված ծրագրերում ներդրումներ անելը զգալիորեն նվազեցնում է բացակայությունները, խթանում է արդյունավետությունը եւ օգնում պահպանել աշխատակիցներին։
Կոտրելով խարանը․ առաջընթացի բանալին
Աշխատավայրում հոգեկան առողջությանն ուղղված քայլեր ձեռնարկելու մեծագույն խոչընդոտը խարանն է։ Աշխատակիցները հաճախ վախենում են, որ եթե բացահայտեն հոգեկան առողջության իրենց խնդիրները, կբախվեն քննադատության կամ խտրականության, ինչն էլ շատերին խանգարում է դիմել անհրաժեշտ օգնությանը։ Այս լռությունը կարող է նպաստել աշխատանքային վնասաբեր մշակույթին՝ աշխատակիցներին թողնելով առանց աջակցության։
Խարանը նվազեցնելը պահանջում է գործատուների ակտիվ ջանքերը։ Հոգեկան առողջության վերաբերյալ իրազեկող եւ անկեղծություն խթանող վերապատրաստման ծրագրերը կարող են շրջադարձային ազդեցություն ունենալ։ Այն աշխատավայրերը, որոնք իրականացնում են հոգեկան առողջության վերաբերյալ վերապատրաստումներ եւ խարանի դեմ պայքարող նախաձեռնություններ, նկատում են խտրականության զգալի նվազում եւ աշխատակիցների բարեկեցության աճ։
Համագործակցե՛լ
Համագործակցությունը մեր առաջնորդող սկզբունքներից է։ Գրանցե՛ք հայտ, եթե ցանկանում եք աշխատավայրում ներդնել հոգեկան առողջության խնամքի արդյունավետ համակարգեր։
Աջակցելով աշխատակիցներին․ ողջամիտ հարմարություններ եւ ճկունություն
Գործատուները պարտավոր են աշխատակիցներին աջակցել հոգեկան առողջության մարտահրավերների դեպքում՝ կիրառելով ողջամիտ հարմարություններ, այդ թվում․
- առաջարկելով աշխատանքային ճկուն ժամեր կամ հեռավար աշխատանքի տարբերակ,
- ապահովելով կանոնավոր հանդիպումներ եւ անհատական աջակցություն,
- ստեղծելով բարեկեցությանը նպաստող աշխատանքային միջավայր, օրինակ՝ հանգստի համար նախատեսված լուռ տարածքներ կամ հոգեկան առողջությունը խթանող ռեսուրսներ։
Նմանատիպ հարմարությունները ոչ միայն օգնում են աշխատակիցներին խնամել իրենց հոգեկան առողջությունը, այլեւ աշխատավայրում ձեւավորել ավելի մեծ հավատարմություն եւ արդյունավետություն։ Երբ աշխատակիցներն աջակցություն են ստանում, ավելի հավանական է, որ նրանք կձգտեն եւ իմաստալից կերպով կնպաստեն կազմակերպությանը։
Աջակցի՛ր մեր գործունեությանը
Ղեկավարի վերապատրաստման կարեւորությունը
Ղեկավարությունն էական դեր ունի աշխատավայրի մշակույթի ձեւավորման մեջ։ Սթրեսի, տագնապի եւ հուզական այրման նշանները ճանաչող ղեկավարները կարող են ավելի լավ աջակցություն տրամադրել իրենց թիմերին եւ ստեղծել աշխատանքային ավելի առողջ մթնոլորտ։
Ղեկավարության՝ հոգեկան առողջության կենտրոնացմամբ վերապատրաստումը նվազեցնում է աշխատանքային սթրեսը եւ ձեւավորում է աշխատանքային ավելի ներառական եւ ապրումակցող մշակույթ։ Երբ ղեկավարները գիտակցում են՝ ինչ քայլեր ձեռնարկեն հոգեկան առողջության մարտահրավերների դեպքում, նրանք նաեւ կարողանում են վաղօրոք միջամտել՝ կանխելով լուծելի փոքր մարտահրավերների վերաճումը նշանակալի խնդիրների։
Հավաքական քայլի կոչ
Հոգեկան առողջության տեսանկյունից առողջ աշխատավայրի ստեղծումը պահանջում է գործատուների, կառավարությունների եւ արհմիությունների միացյալ ջանքերը։ Հոգեկան բարեկեցությունը խթանող եւ աշխատակիցներին հոգեսոցիալական ռիսկերից պաշտպանող քաղաքականությունները էական նշանակություն ունեն։ Այն աշխատավայրերը, որոնք առաջնահերթություն են տալիս հոգեկան առողջությանը քաղաքականության փոփոխությունների եւ հոգեկան առողջությանն առնչվող ծրագրերի միջոցով, նկատում են աշխատակիցների գոհունակության, արդյունավետության եւ աշխատանքային զգալի աճ։
Խնամելով սեփական հոգեկան առողջությունը
Թեեւ կառուցվածքային փոփոխություններն անհրաժեշտ են, անհատները նույնպես կարող են ակտիվ քայլեր ձեռնարկել` պաշտպանելու իրենց հոգեկան բարեկեցությունը։ Գիտակցման եւ ֆիզիկական կանոնավոր ակտիվության միջոցով սթրեսը վերահսկել սովորելը եւ կյանք-աշխատանք առողջ հավասարակշռությունը պահպանելը հոգեկան առողջության բարելավման ապացուցված ռազմավարություններ են։
Օգնության դիմելը, լինի թերապիայի, խորհրդատվության, թե պարզապես վստահված գործընկերոջ կամ ղեկավարի հետ խոսելու միջոցով, կարող է շատ բան փոխել։
Հոգեկան առողջության համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ հոգեկան առողջությունը համաշխարհային մտահոգության առարկա է, եւ որ աշխատավայրը բարեկեցությունը խթանելու կարեւոր միջավայր է։ Խարանը նվազեցնելով, աջակցություն տրամադրելով եւ կառավարությունների, գործատուների ու աշխատակիցների միջեւ համագործակցային ջանքեր ներդնելով մենք կարող ենք բոլորի համար ստեղծել ավելի առողջ եւ արդյունավետ աշխատավայրեր։
Եկեք շարունակենք աշխատել հանուն մի ապագայի, որտեղ հոգեկան առողջությունը ոչ միայն արժեւորվում է, այլ նաեւ կրում է առաջնահերթություն, որպեսզի յուրաքանչյուր անհատ ունենա անձնական եւ մասնագիտական զարգացման հնարավորություն։