
Հուզական հզորացումը, իրավիճակի նկատմամբ վերահսկողության վերահաստատումը, շփումը եւ դրական վերաբերմունքը կյանքին սթրեսի կառավարման կարեւորագույն բաղադրիչներ են։
Եղե՛ք ակտիվ
Մարզումները չեն անհետացնի սթրեսը, սակայն դրանք կնպաստեն հուզական լարման նվազմանը, կօգնեն պարզել մտքերն ու թույլ կտան մարտահրավերների հետ առերեսվել ավելի սթափ։
Վերցրե՛ք «ղեկը»
Սթրեսն ամենայն հավանականությամբ կուժգնանա, եթե շարունակենք մտածել, որ ոչինչ չենք կարող անել մեր մարտահրավերների հետ։
Վերահսկողության կորստի զգացողությունը բարեկեցության նվազման եւ սթրեսի առաջացման հիմնական պատճառներից է։ Դրա վերստանձնումը ոչ միայն ինքնին հզորացնող է, այլ նաեւ մարտահրավերների հաղթահարման տարբերակների որոնման կարեւորագույն մաս։
Կապվե՛ք մարդկանց հետ
Գործընկերների, ընկերների եւ ընտանիքի աջակցող միջավայրը կարող է մեղմել ձեր մարտահրավերներն ու օգնել տեսնել իրավիճակն «այլ լույսի ներքո»։
Ընկերների հետ անցկացված ժամանակն ու զրույցները կարող են օգնել մեզ լիցքաթափվել եւ գտնել լուծումներ առկա խնդիրներին։
Ժամանակ հատկացրեք միայն ձեզ համար
Շատերս շատ երկար ենք աշխատում՝ հաճախ ժամանակ չգտնելով անել այն, ինչը մեզ հաճույք է պատճառում։ Շատ կարեւոր է ժամանակ հատկացնել շփվելու, լիցքաթափվելու եւ մարզվելու համար։
Փորձեք շաբաթվա մեջ մի քանի երեկո հատկացնել միայն ձեր կարիքների համար։
Մարտահրավեր նետե՛ք ձեզ
Սահմանեք նպատակներ եւ մարտահրավերներ աշխատանքում կամ դրանից դուրս, սովորեք նոր լեզու կամ զբաղվեք սպորտով, դա կօգնի զարգացնել ինքնավստահությունն ու հաղթահարել սթրեսը։
Խուսափե՛ք անառողջ սովորություններից
Մի՛ ապավինեք ալկոհոլին, ծխելուն կամ կոֆեինին, դրանք սթրեսի հաղթահարման առողջ տարբերակներ չեն։ Դրանք գուցե օգնեն լիցքաթափվել եւ մեղմել մարտահրավերները ժամանակավորապես, բայց հետագայում կստեղծեն նորերը։
Օգնե՛ք ուրիշներին
Մարդիկ, ովքեր օգնում են ուրիշներին, հաճախ իրենք ավելի դիմացկուն են դառնում։ Փորձեք փոքրիկ քայլերով աջակցել ուրիշներին ամեն օր, նույնիսկ եթե երկարատեւ կամավորության ժամանակ չունեք։
Մնացեք «դրական»
Կենտրոնացեք կյանքի լավ կողմերի եւ այն ամենի վրա, ինչի համար դուք երախտապարտ եք։ Ամեն օր նոթատետրում գրեք երեք բան, որոնք այդ օրվա ընթացքում ձեզ դրական հույզեր են պարգեւել։
Ընդունե՛ք իրականությունը
Դժվար իրավիճակները փոխելը միշտ չէ որ հեշտ է։ Կենտրոնացեք նրա վրա, ինչի նկատմամբ իրոք ունեք վերահսկողություն։
Հիմնական աղբյուր՝ 10 stress busters, NHS: