2022 թ-ի սեպտեմբերի 12-ին «Հոգեկան Առողջության Իրազեկման Նախաձեռնություն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Նախաձեռնություն) արտահերթ ժողովը հաստատեց Նախաձեռնության վարքագծի կանոնները։
Ստորեւ ներկայացնում ենք մի շարք կարեւորագույն սկզբունքներ՝ որոնցով Նախաձեռնությունը հանձն է առել առաջնորդվել։
Նախաձեռնության վարքագծի կանոնները սահմանում են արժեքներ եւ գործունեության սկզբունքներ, Նախաձեռնության անդամների, կամավորների, աշխատակիցների եւ խորհրդականների, Նախաձեռնության ստեղծած իրավաբանական անձանց աշխատակիցների, ինչպես նաեւ Նախաձեռնության ստեղծած առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների անդամների եւ աշխատակիցների (այսուհետ՝ Ասոցիացված անձ/ինք) վարքի կանոններ, շահերի բախումների կառավարում, դրանց խախտումների համար պատասխանատվություն եւ վարքագծի կանոններից բխող հարաբերություններին առնչվող այլ հարցեր:
Վարքագծի կանոնների նպատակն է ուղղորդել նրանց՝ առաջնորդվելու Նախաձեռնության որդեգրած արժեքներով եւ գործունեության սկզբունքներով։
Նախաձեռնության առաքելությունն է հոգեկան առողջության իրազեկումը, հոգեկան առողջության բարեկեցությունը եւ խնամքի հասանելիությունը առաջադեմ գիտելիքների տրամադրմամբ, հոգեկան առողջության կարեւորագույն դերի հաղորդակցմամբ, աջակցող միջավայրերի խթանմամբ եւ խարանի հաղթահարմամբ:
Նախաձեռնության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, արդարությունը, օրինականությունն ու ժողովրդավարությունը, համերաշխությունն ու միասնականությունը, խտրականության բացառումը, ձգտումը, քաջությունն ու առաջնորդությունը, բարեխիղճությունն ու հաշվետվողականությունը։
Նախաձեռնության գործունեությունը, միջոցների հնարավորինս արդյունավետ իրացմամբ, միտված է ուղղակիորեն կամ անուղղակիորեն իր կանոնադրական նպատակների իրագործմանը՝ առաջնորդվելով ժողովրդավարական արժեքներով։
Նախաձեռնությունը գործում է մասնակցային կառավարման սկզբունքով` խրախուսելով աշխատակիցների ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում եւ երաշխավորելով ընդունվող որոշումների թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը։
Նախաձեռնությունն իր առաքելության եւ կանոնադրական նպատակների իրագործման համար կարող է ստանալ նյութական եւ դրամական միջոցներ, ծառայություններ եւ այլ տեսակի աջակցություն, այդ թվում կազմակերպություններից՝ քանի դեռ այդ կազմակերպությունների գործունեությունը չի հակասում Նախաձեռնության արժեքներին եւ գործունեության սկզբունքներին։
Նախաձեռնությունը հրաժարվում է այն աջակցությունից, որը կարող է հանգեցնել իր գործունեության անկախության սահմանափակմանը։
Նախաձեռնության միջոցները չեն կարող ծառայել որեւէ Ասոցիացված անձի նեղ անձնական շահերին։
Նախաձեռնությունը բաց է այն համագործակցությունների համար՝ որոնք կարող են նպաստել Նախաձեռնության կանոնադրական նպատակների իրագործմանը: