Հոգեկան առողջությունը մեր բարեկեցության նույնքան անբաժան մաս է, որքան ֆիզիկական առողջությունը։ Այն ներառում է հուզական, հոգեբանական եւ սոցիալական բարօրությունը, անդրադառնալով նրան, թե ինչպես ենք մտածում, զգում եւ գործում` կանխորոշելով այն, թե ինչպես ենք կարգավորում սթրեսը, հաղորդակցվում այլոց հետ եւ ընտրություն կատարում։
Հոգեկան առողջության ստիգմաները հիմք են հանդիսանում խտրական վերաբերմունքի եւ դրա արդարացման համար։ Սովորաբար սրանք դասակարգում են 3 հիմնական տեսակների՝
- Հանրային ստիգմա, որն արտահայտվում է բացասական եւ խտրական վերաբերմունքով հոգեկան առողջության առանձնահատկությունների նկատմամբ։
- Ինքնախարանում․ սա հոգեկան առողջության առանձնահատկություն ունեցող անձի՝ ինքն իր նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքն է, այդ թվում՝ ամոթը։
- Համակարգային ստիգմա․ այն ներառում է իշխանությունների կամ կազմակերպությունների գործունեության արդյունքում հոգեկան առողջության առանձնահատկություն ունեցող անձանց նկատմամբ միտումնավոր կամ ակամա դրսեւորվող սահմանափակումները։ Օրինակ՝ հոգեկան առողջության հետազոտությունների քիչ ֆինանսավորում կամ այլ առողջապահական ծառայությունների համեմատ հոգեկան առողջության ավելի քիչ ծառայություններ։
Ինչպե՞ս խոսել հոգեկան առողջության մասին
Յուրաքանչյուր արտաբերված բառը կարող է ծանրակշիռ հետեւանքներ ունենալ, յուրաքանչյուր խտրական արտահայտությունը կարող է ավելի ու ավելի մեկուսացնել մեզ միմյանցից։
Փորձեք հետեւել այս ուղեցույցին՝
- Մի քննադատեք եւ մի տվեք գնահատականներ․ յուրաքանչյուրը պետք է ունենա քննադատությունից ազատ տարածք։
- Խոսեք եւ լսեք այնքան, որքան անհրաժեշտ է։ Մի պահանջեք մանրամասներ, եթե ձեր զրուցակիցը պատրաստ չէ խոսել դրանց մասին, դա հսկայական վստահություն եւ խիզախություն է պահանջում։
- Մի փորձեք ախտորոշել կամ կռահել դիմացինի հույզերը։ Դուք, ամենայն հավանականությամբ, հոգեկան առողջության ոլորտի մասնագետ չեք, խոսակցության ժամանակ հաշվի առեք դա, որքան էլ որ մեծ լինի աջակցելու ցանկությունը։
- Տվեք հարցեր, որոնց հնարավոր է պատասխանել։ Հարցրեք «Ինչպե՞ս ես քեզ զգում», «Երեւի այդքան էլ լավ չես զգում քեզ»-ի փոխարեն։ Տվեք հարցեր առանց պնդման կամ կանխատեսման։
- Խոսեք բարեկեցության մասին։ Խոսեք սթրեսը նվազեցնելու եւ խնամքի մասին, առողջ դիետայի, մարզվելու մասին եւ թե ինչպես առողջ քունը կարող է բարելավել հոգեկան առողջությունը եւ նպաստել բարեկեցությանը։
- Լսեք․ եղեք համբերատար եւ համոզվեք, որ ճիշտ եք հասկացել, փորձեք հասկանալ, թե ինչպես է ձեր զրուցակիցն իրեն զգում։