Նեյրոբազմազանությունը նկարագրում է այն գաղափարը, որ մարդիկ տարբեր կերպ են զգում եւ փոխազդում իրենց շրջապատող աշխարհի հետ. չկա մեկ «ճիշտ» մտածելակերպ, ուսուցում եւ վարք, իսկ տարբերությունները չեն դիտվում որպես թերություն:
Նեյրոբազմազանություն բառը վերաբերում է բոլոր մարդկանց բազմազանությանը։ Այն հաճախ օգտագործվում է աուտիզմի սպեկտրի խանգարման (ԱՍԽ) եւ նյարդաբանական կամ զարգացման այլ առանձնահատկությունների համատեքստում:
Նեյրոբազմազանության շարժումն ի հայտ է եկել 1990-ականներին՝ նյարդաբանական տարբերություններն ընդունելու եւ ներգրավվածության աճի նպատակով։
Առցանց հարթակների միջոցով ավելի ու ավելի շատ աուտիզմ ունեցող անձինք կարողացան կապ հաստատել միմյանց հետ եւ միանալ սեփական շահերի պաշտպանության շարժմանը: Նույն ժամանակահատվածում նաեւ ավստրալացի սոցիոլոգ Ջուդի Սինգերը ներմուծեց նեյրոբազմազանություն եզրույթը՝ նպաստելու «նյարդաբանական փոքրամասնությունների» հավասարությանը եւ ներառականությանը:
Բառերը կարեւոր են
Նեյրոբազմազանության ջատագովները խրախուսում են ներառական, ոչ խտրական խոսքը: Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանությամբ զբաղվող բազում կազմակերպություններ նախընտրում են կիրառել «աուտիզմ ունեցող անձ», «Դաունի համախտանիշով անձ» եւ նմանօրինակ ձեւակերպումները, սակայն, ենթադրություններ անելու փոխարեն, ավելի լավ է ուղղակիորեն հարցնել՝ թե ինչպես են այդ անձինք նախընտրում իրենց դիմել: Նեյրոբազմազանության եւ հարգալից խոսքի մասին գիտելիքները կարեւոր են նաեւ կլինիկական բժիշկների համար, որպեսզի վերջիններս կարողանան անդրադառնալ նյարդային զարգացման տարբերություններ ունեցող մարդկանց մտավոր եւ ֆիզիկական առողջությանը:
Նեյրոբազմազանություն եւ աուտիզմի սպեկտրի խանգարում (ԱՍԽ)
ԱՍԽ-ն կապված է հաղորդակցության, ուսուցման եւ վարքագծի տարբերությունների հետ, թեեւ այն անձից անձ կարող է տարբեր կերպ դրսեւորվել: ԱՍԽ ունեցող անձինք կարող են ունենալ ուժեղ կողմերի, կարողությունների, կարիքների եւ մարտահրավերների լայն շրջանակ:
Աուտիզմ ունեցող որոշ անձինք կարողանում են շփվել բանավոր, ունեն միջին կամ միջինից բարձր IQ եւ կարող են ինքնուրույն ապրել: Մյուսները կարող են դժվարանալ հաղորդակցել իրենց կարիքները կամ զգացմունքները, կարգավորել խանգարող եւ վնասակար վարքագիծը, որն ազդում է իրենց անվտանգության եւ բարեկեցության վրա, եւ կարող են աջակցության կարիք ունենալ իրենց կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
Մինչդեռ, աուտիզմ ունեցող որոշ անձանց տարբերությունները կարող են իրենց դժվարություններ չպատճառել, փոխարենը, այդ դժվարությունները կարող են առաջանալ հասարակական նորմերով պարտադրված արգելքներից՝ առաջացնելով սոցիալական բացառում եւ անհավասարություն:
Նեյրոբազմազանության խթանում աշխատավայրում
Խարանը, իրազեկվածության պակասը եւ համապատասխան ենթակառուցվածքների բացակայությունը (օրինակ՝ գրասենյակային պայմաններ) կարող են առաջացնել նյարդային զարգացման տարբերություններ ունեցող անձանց բացառում:
Համայնքներում, դպրոցներում, առողջապահական հաստատություններում եւ աշխատավայրերում նեյրոբազմազանության ըմբռնումն ու ընդունումը կարող է բարելավել բոլորի ներառականությունը: Բոլորիս համար կարեւոր է ստեղծել մի միջավայր, որը հարմարեցված է նեյրոբազմազանությանը, ճանաչել եւ ընդգծել յուրաքանչյուր անհատի ուժեղ կողմերն ու տաղանդները՝ միաժամանակ աջակցելով նրանց տարբերություններին եւ կարիքներին:
Միացի՛ր մեզ սոցիալական ցանցերում
Մեր առաքելությունն է հոգեկան առողջության իրազեկումը, հոգեկան առողջության բարեկեցությունը եւ խնամքի հասանելիությունը առաջադեմ գիտելիքների տրամադրմամբ, հոգեկան առողջության կարեւորագույն դերի հաղորդակցմամբ, աջակցող միջավայրերի խթանմամբ եւ խարանի հաղթահարմամբ: Ե՛կ միասին դա անենք։
Ինչպե՞ս կարող են գործատուները իրենց աշխատավայրն ավելի բարենպաստ դարձնել նեյրոբազմազանությանը
Աշխատակցի աշխատանքային տարածքի փոքր ճշգրտումներ առաջարկեք՝ որեւէ զգայական կարիք բավարարելու համար, ինչպիսիք են՝
– ձայնի զգայունություն. առաջարկեք հանգստի ընդմիջում, առաջարկեք աղմուկը չեղարկող ականջակալներ,
– շոշափելիքի զգայունություն. թույլ տվեք փոփոխություններ կատարել աշխատանքային համազգեստի մեջ,
– շարժումներ. թույլ տվեք օգտագործել խաղալիքներ, տրամադրեք լրացուցիչ ընդմիջումներ, առաջարկեք աշխատատեղի ճկունություն:
Օգտագործեք հստակ հաղորդակցման ոճ՝
– խուսափեք հեգնանքից, մեղմաբանությունից եւ ակնարկներից,
– տրամադրեք հակիրճ բանավոր եւ գրավոր հրահանգներ առաջադրանքների համար եւ բաժանեք առաջադրանքները փոքր քայլերի,
– տեղեկացրեք աշխատավայրի եւ սոցիալական վարվելակարգի կանոնների մասին, մի ենթադրեք, որ որեւէ մեկը միտումնավոր խախտում է այդ կանոնները,
– փորձեք նախապես տեղեկացնել պլանների փոփոխության մասին, եւ պատճառաբանեք փոփոխությունները,
– ենթադրություններ մի արեք. հարցրեք անձի անհատական նախասիրությունները, կարիքները եւ նպատակները,
– բարի եղեք, եղեք համբերատար: