Հայտարարություն

Այս հայտարարությամբ դիմում ենք բոլոր այն կազմակերպություններին և անհատներին, մասնավորապես՝ քաղաքական և հանրային դերակատարներին, որոնք հոգեկան առողջության մարտահրավերներն ու խնդիրներն օգտագործում են այլոց վիրավորելու կամ արժեզրկելու նպատակով՝ կոչ անելով զերծ մնալ նման վնասակար վարքից։

Սա քաղաքական հայտարարություն չէ։

Հոգեկան առողջության մարտահրավերներ կամ խնդիրներ ունենալը ամոթալի չէ, սակայն դրանց շահարկումն ու անհարկի օգտագործումը դատապարտելի է։

Այսպիսի գործողությունները վնասում են այն անհատներին, նրանց ընկերներին և ընտանիքներին, ովքեր արդեն իսկ առկա խարանի պատճառով բախվում են խտրականության և անհավասարության։

Պահանջում ենք, որ քաղաքական և ցանկացած այլ գործընթացներում բոլոր կողմերը զերծ մնան խարանավորող խոսքից, հարգեն հասարակության բոլոր անդամներին և, մասնավորապես, հոգեկան առողջությունը չդարձնեն սեփական շահերը սպասարկելու միջոց։

Մենք կարող ենք ունենալ հոգեկան առողջության տարբեր մարտահրավերներ ու խնդիրներ։ Մենք արժանի ենք հարգալից վերաբերմունքի և պատասխանատու վարքի։

Մենք հավատում ենք, որ հանրային քննարկումների մասնակիցները կարող են ունենալ ազնիվ մտադրություններ, չճանաչել խարանավորող խոսքը կամ չգիտակցել հասցված վնասը։ Մենք նաև վստահ ենք, որ կողմերը կարող են հետևություններ կատարել, սովորել և դրսևորել հարգալից վարք։

Հիշեցնում ենք, որ հոգեկան առողջությունը մարդու իրավունք է։ Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, այն անխախտելի է։ Յուրաքանչյուր մարդ ունի արժանապատիվ գոյության իրավունք։

Կոչ ենք անում հետևողականորեն հարգել այլոց արժանապատվությունը և զերծ մնալ խարանավորող խոսքից ու խտրական գործողություններից։