Ինչպե՞ս է կլիմայի փոփոխությունն անդրադառնում մեր հոգեկան առողջության և հուզական բարեկեցության վրա

Տասնամյակների հետազոտությունները վերհանում են կլիմայի փոփոխության և ճգնաժամային միջադեպերի անմիջական ու երկարատև մարտահրավերները՝ ներառյալ տագնապը, դեպրեսիան, հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (ՀՏՍԽ), ինքնասպանությունը և գենդերային բռնությունը։ Աննախադեպ փոթորիկներից ու անտառային հրդեհներից մինչև բուսածածկույթի ոչնչացում և ծայրահեղ տապ. մեր մոլորակը շարունակաբար փոփոխվում է միջին ջերմաստիճանի աճի հետևանքով։

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այս ճգնաժամերն առաջացնում են նորանոր բացասական ազդեցություններ մեր առողջության վրա, ինչպիսիք են շնչառական հիվանդությունները, ալերգիաները, մանկական զարգացման մարտահրավերները, ստամոքսաղիքային խնդիրները և, իհարկե, քրոնիկ հիվանդություններն ու քաղցկեղը։ Այս աննախադեպ փոփոխություններն անդրադառնում են համընդհանուր բարեկեցության վրա՝ ներառելով վարքագիծը, հանցագործությունների տեսակն ու քանակը, ինչպես նաև հոգեկան առողջությունը։

Գենդերային բռնություն

2022 թվականին Քեմբրիջի համալսարանում իրականացված հետազոտությունն ուսումնասիրել է 41 գիտական աշխատություն, որոնք դիտարկում են կլիմայի ծայրահեղ փոփոխություններն ու իրադարձությունները, և պարզել, որ գենդերով պայմանավորված հանցագործությունների քանակն այս ճգնաժամերի և իրադարձությունների ժամանակ կտրուկ աճում է՝ մասամբ պայմանավորված տնտեսական գործոններով, սոցիալական անկայունությամբ, միջավայրի փոփոխությամբ և սթրեսով։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում

Քալիֆորնիայի 2018 թվականի հրդեհներից փրկվածների շրջանում ՀՏՍԽ-ի հայտնաբերման մակարդակը համեմատելի է եղել պատերազմների վետերանների մոտ դիտարկվող վիճակագրական տվյալների հետ՝ գրանցելով դեպրեսիայի և տագնապի բարձր մակարդակ։ Նույն կերպ, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այլ աղետներից փրկվածների մոտ ևս դիտարկվում են համեմատելի արդյունքներ։

Ինքնասպանություն

Գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության արդյունքում տնտեսական փոխակերպումները, մասնավորապես գյուղաբնակ անձանց շրջանում, հանգեցնում են ինքնասպանությունների մակարդակի աճի։ Կանխատեսվում է, որ ավելի բարձր ջերմաստիճանի հետևանքով ներկա թիվը մինչև 2050 թվականը միայն ԱՄՆ-ում և Մեքսիկայում կաճի ևս 40000-ով։

Ագրեսիա

Բարձր ջերմաստիճանը հանգեցնում է ավելի ագրեսիվ վարքագծի։ 2021 թվականին հրապարակված հետազոտությունը համեմատած ավելի հով օրերի հետ հաշվարկում է բռնի հանցագործությունների 5.7 տոկոս աճ Լոս Անջելեսում այն օրերին, երբ ջերմաստիճանը հասնում է 29 աստիճանի և բարձրանում։

Տագնապ

Նույնիսկ նրանք, ովքեր դեռ ուղղակիորեն չեն առնչվել կլիմայական ճգնաժամերին, գրանցում են էկո-տագնապ՝ վախի և տխրության զգացողություն՝ պայմանավորված մոլորակի միջին ջերմաստիճանի աճով կամ դրա բացասական հետևանքներով։ Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի 2020 թվականի հարցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում չափահասների 56 տոկոսը համարում է, որ կլիմայի փոփոխությունն աշխարհի առկա խնդիրներից առաջնայինն է։ Երիտասարդների մոտ կեսը նշել է, որ դրանով պայմանավորված սթրեսը դիտարկվում է առօրյա կյանքում։

 

Հիմնական աղբյուր՝ How does climate change affect mental health? APA