Ինչպե՞ս բարելավել «մարմնի պատկերը»

Մարմնի պատկերը վերաբերում է նրան, թե ինչպես ենք մտածում մեր մարմնի մասին կամ զգում այն: Մեզանից շատերը կյանքի ինչ-որ պահի բացասական զգացումներ կարող են ունենալ սեփական մարմնի նկատմամբ, եւ այդ զգացմունքները երկարաձգվելով՝ կարող են առաջացնել անհանգստության, դեպրեսիայի եւ սննդային վարքագծի խանգարումների ախտանիշներ:

Այն, թե ինչպես եք ընկալում ձեզ, հսկայական ազդեցություն ունի կյանքի բազմաթիվ ոլորտների վրա՝ ինչպես եք շփվում այլոց հետ, ինչպես եք ներկայացնում ձեզ, ինչպիսի աշխատանքի համար եք դիմում եւ նույնիսկ ձեր կեցվածքը:

Բացահայտեք եւ մարտահրավեր նետեք բացասական մտքերին

Մարմնի բացասական պատկերը հաղթահարելու առաջին քայլը ձեր արտաքին տեսքի վերաբերյալ ունեցած բացասական մտքերի մասին գիտակից լինելն է:

Ուշադրություն դարձրեք այն մտքերին, որոնք առաջանում են, երբ նայում եք ձեզ հայելու մեջ կամ մտածում եք ձեր մարմնի մասին:

Ճանաչեք ինքնաքննադատության հիմքում ընկած պատճառները

Եթե անընդհատ քննադատում եք ձեր արտաքինը, մտածեք, թե որոնք են դրա հիմքում ընկած պատճառները:

Իսկապե՞ս կարծում եք, որ պետք է ավելի նիհար լինեք, թե՞ փորձում եք վերահսկել ձեր արտաքին տեսքը կյանքի այլ ոլորտներում վերահսկողության զգացումը վերականգնելու համար:

Իսկապե՞ս չեք սիրում ձեր մազերը, թե՞ արձագանքում եք քննադատությանը:

Գնահատեք ձեր մարմինը այն ամենի համար, ինչ նա կարող է անել

Մարմնի պատկերի բարելավման լավագույն միջոցներից մեկը ձեր մարմինը դրական լույսի ներքո տեսնելն է:

Յուրաքանչյուր մարդու մարմինն ունի բազում հնարավորություններ, նույնիսկ եթե երբեմն զգում եք սահմանափակվածություն:

Կարեւոր է կենտրոնանալ նրա վրա, թե ինչ է կարող անել ձեր մարմինը:

Սովորեք կենտրոնանալ դրականի վրա

Մարմնի դրական կողմերի վրա կենտրոնանալու համար անհրաժեշտ է ցանկություն եւ ջանքերի գործադրում: Հստակ քայլեր ձեռնարկեք երախտագիտության այս ոգին գործի վերածելու համար․

– օրագրում ձեր մարմնի մասին գրեք այն, ինչ ձեզ դուր է գալիս,

– ընտրեք սնունդ եւ կենսակերպ, որն օգտակար է եւ բարելավում է ձեր մարմինը,

– պարբերաբար հիշեցրեք ձեզ, թե ինչու եք երախտապարտ ձեր մարմնի համար:

Խուսափեք համեմատություններից

Դժգոհությունները մարմնից հաճախ առաջանում են այլոց հետ համեմատությունից: Գիտակցեք, երբ սկսում եք ինքներդ ձեզ համեմատել այլ մարդկանց հետ:

Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ յուրաքանչյուր մարդու մարմինը յուրահատուկ է, եւ որ չկա «իդեալական» տեսք:

Մարտահրավեր նետեք մեդիա պատկերացումներին

Հիշեք, որ լրատվամիջոցների պատկերները միշտ չէ, որ ճշմարտացի են եւ իրատեսական:

Վիճարկեք անիրատեսական չափանիշները, որոնք տեսնում եք համացանցում, ամսագրերում, ֆիլմերում եւ հեռուստաեթերով:

Բացահայտեք ձեր այն ոչ ֆիզիկականը, որով հիանում եք

Մտածեք ձեր այն հատկանիշների մասին, որոնցով դուք հիանում եք, ինչպիսիք են ձեր բարությունը կամ ստեղծագործական ունակությունները:

Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ դուք ավելին եք, քան ձեր մարմինը:

Ձեր բնավորությունն ու անհատականությունն է սահմանում, թե ով եք դուք որպես մարդ, այլ ոչ թե արտաքին տեսքը:

Շրջապատեք ձեզ «բոդիփոզիթիվ» մարդկանցով

Գնահատեք ձեր ընթացիկ հարաբերությունները: Արդյո՞ք ձեր ընկերները դրական են խոսում իրենց սեփական մարմնի մասին:

Լինել բոդիփոզիթիվ (մարմին + դրական), նշանակում է ցանկացած արտաքին տեսքով մարմնում հարմարավետ զգալ եւ ազատ ինքնադրսեւորվել, մարդկանց մարմիններն ընդունել այնպիսին, ինչպիսին նրանք կան։

Կարեւոր է գիտակցել, որ ձեր ընկերների մեկնաբանությունները կարող են ազդել ձեր սեփական մարմնի պատկերի վրա:

Փորձեք շրջապատել ձեզ մարդկանցով, ովքեր դրականորեն են արտահայտվում իրենց մարմնի եւ արտաքինի մասին: