Միջսերնդային տրավմա

Միջսերնդային տրավման այն տրավման է, որը տրավմա վերապրած անձանցից փոխանցվում է նրանց ժառանգներին: Այն նաեւ անվանում են տրանսսերնդային կամ բազմասերունդ տրավմա:

Այն անձինք, ովքեր առնչվում են միջսերնդային տրավմայի հետ, կարող են զգալ ախտանշաններ, օրինաչափություններ, հուզական եւ հոգեբանական ազդեցություններ նախորդ սերունդների տրավմայից (չսահմանափակվելով միայն ծնողներով կամ տատիկ-պապիկներով):

Ի՞նչ է տրավմայի արձագանքը

Մարդիկ հազարամյակներ գոյատեւել են՝ զարգացնելով հարմարվելու կարողությունը: Եթե դուք ապրում եք քրոնիկ սթրեսով կամ անցնում եք տրավմատիկ իրադարձության միջով, որոշ արձագանքներ ակտիվանում են՝ օգնելու ձեզ գոյատեւել. դրանք հայտնի են որպես տրավմայի արձագանքներ:

Չնայած այս արձագանքներն օգտակար են կարճաժամկետ հեռանկարում՝ գոյատեւման համար, «գոյատեւման ռեժիմում» գտնվելը երկարաժամկետ հեռանկարում վնասակար է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջության համար:

Երբ ձեր ուղեղը սերտում է հարմարվողական վարքագիծ, որն անհրաժեշտ է ձեզ եւ ձեր ընտանիքին ապահով կամ ողջ պահելու համար, այդ հարմարվողականությունները կարող են փոխանցվել ապագա սերունդներին, եւ դրանցից հետագայում կարող է դժվար լինել ազատվել:

«Գոյատեւման ռեժիմում» մնալը կարող է սահմանափակել մարդու բարգավաճման կարողությունը, «գոյատեւման ռեժիմն» արձագանք է վախին, տրավմային եւ սակավությանը: Բարգավաճումը հնարավոր է, երբ կա անվտանգության եւ ապահովության փորձառություն եւ զգացում․ միջսերդնային տրավմայով ապրողները կարող են չունենալ դրանց հիմնային իմացությունը եւ զգացողությունը:

Այն անձինք, ովքեր առնչվել են տրավմայի հետ, կարող են դժվարանալ զգալ ապահովություն եւ հանգստություն այնպիսի իրավիճակներում, որոնք օբյեկտիվորեն ապահով են՝ այն անհանգստության պատճառով, որն առաջացնում է մոտալուտ այլ տրավմատիկ իրադարձության մտավախությունը: Այս դեպքում տրավմայի արձագանքը կարող է ավելի վնասակար լինել, քան օգտակար հարմարվողական արձագանքի համար:

Օրինակ՝ ինչ-որ մեկը մեծացել է մի ընտանիքում, որտեղ սերունդներ շարունակ ծնողները բղավել են իրենց երեխաների վրա՝ անգիտակցաբար մղվելով չլուծված տրավմայից: Միջսերնդային տրավման հասկանալու համար կարեւոր է ճանաչել ծնողների կամ նախնիների ազդեցությունը եւ պատճառները, թե ինչու են նրանք նման վարք ցուցաբերել:

Տվյալ դեպքում բղավելը կարող է լինել հարմարվողական վարքագիծ գոյատեւման համար, գուցե նրանց ծնողները նույնպես բղավում էին չունենալով հնարավորություն եւ գործիքակազմ, էներգիա, աջակցություն եւ համապատասխան միջավայր խնդրի մասին խոսելու համար:

Միջսերնդային տրավմայի ազդեցությունն այս դեպքում կլինի այն, որ ժառանգները կշարունակեն բղավել իրենց երեխաների վրա՝ չլուծված միջսերնդային տրավմայի հետեւանքով:

Ինչպիսի՞ն է միջսերնդային տրավման

Նրանք, ովքեր տուժել են միջսերնդային տրավմայից, կարող են զգալ ախտանիշներ, որոնք նման են հետտրավմատիկ սթրեսային խանգարմանը (ՀՏՍԽ, PTSD), ներառյալ գերզգոնությունը, անհանգստությունը եւ տրամադրության կարգավորման դժվարությունները:

Այնուամենայնիվ, քանի որ անհատն ինքն ուղղակիորեն չի վերապրել առաջնային տրավման, նա չունի հետադարձ հայացք նետելու կամ հիշողությունները վերհանելու հնարավորությւոն: Նա զգում է տրավմայի ախտանիշներ եւ տրավմայի արձագանքներ այն իրադարձություններից, որոնք իր հետ չեն պատահել:

Քանի որ սթրեսային արձագանքները կապված են ավելի շատ ֆիզիկական առողջության հետ, միջսերնդային տրավման կարող է դրսեւորվել նաեւ որպես առողջապահական խնդիր, ներառյալ սրտի հիվանդությունները, կաթվածը կամ վաղ մահացությունը:

Ի՞նչն է առաջացնում միջսերնդային տրավմա

Միջսերնդային տրավման առաջանում է, երբ տրավմայի հետեւանքները փոխանցվում են սերունդների միջեւ: Դա կարող է տեղի ունենալ, եթե ծնողը մանկության տարիներին ենթարկվել է բռնության կամ մանկության անբարենպաստ փորձի (ՄԱՓ, ACE)։

Միջսերնդային տրավման կարող է լինել նաեւ ճնշման հետեւանք, ներառյալ ռասայական տրավման կամ այլ համակարգային ճնշումները (ցեղասպանություն): Միջսերնդային տրավմայի հետեւանքները փաստագրվել են (այդ թվում) փախստականների եւ Հոլոքոստը վերապրածների սերունդների մոտ, ինչը ցույց է տալիս, որ այս տեսակի տրավման շարունակում է ազդել բնակչության վրա կոլեկտիվ տրավմատիկ իրադարձությունից հետո սերունդներ շարունակ:

Գենետիկան եւ միջսերնդային տրավման

Թեեւ հետազոտությունները տարբերվում են, եւ վերջնական թիվը ներկայումս հայտնի չէ, հաշվարկվում է, որ մարդիկ ԴՆԹ-ում ունեն ավելի քան 25000 գեն: Որոշ գեներ «քնած» են, սակայն ակտիվանում են արձագանքելով միջավայրի փոփոխությանը․ սա միջավայրին հարմարվելու եւ գոյատեւելու ճանապարհներից մեկն է:

Երբ ինչ-որ մեկն առնչվում է տրավմայի հետ, նրա ԴՆԹ-ն արձագանքում է՝ ակտիվացնելով գեները, որոնք օգնում են նրան գոյատեւել տվյալ իրավիճակում: Գեները, որոնք մեզ մղում են այնպիսի բաների, ինչպիսիք են պայքարը կամ փախուստը, ակտիվանում են՝ օգնելով մեզ պատրաստ լինել ապագա վտանգավոր իրավիճակներին: Այնուհետեւ մենք այս գեները փոխանցում ենք մեր սերունդներին, որպեսզի պատրաստենք նրանց հնարավոր տրավմատիկ իրադարձություններին:

Մեր գեները հսկայական աշխատանք են կատարում մեզ ապահով պահելու համար, նույնիսկ երբ դա չի նշանակում մեզ երջանիկ պահել: Երբ գեները նախապատրաստվում են սթրեսային կամ տրավմատիկ իրադարձությունների, դրանք ավելի մեծ ճկունությամբ են արձագանքում այդ իրադարձություններին, սակայն վտանգի կանխատեսման այս հարատեւ վիճակը սթրեսային է: Մեզ անվտանգ պահելու անընդհատ պատրաստ լինելու գործընթացը մեծացնում է մարմնի սթրեսի մակարդակը եւ ժամանակի ընթացքում ազդում մեր հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա:

Եթե ձեր ծնողները կամ նախնիներն առնչվել են տրավմայի հետ, նրանց ԴՆԹ-ն ինքն իրեն կոդավորել է գոյատեւման արձագանք ստեղծելու, որն օգնել է նրանց հաղթահարել այդ իրադարձությունները, դրանք հետո փոխանցվել են սերունդներին։ Այս «գոյատեւման ռեժիմը» մնում է կոդավորված եւ փոխանցվում է մի քանի սերունդների նույնիսկ այլ տրավմատիկ փորձառությունների բացակայության պարագայում։

Միջսերնդային տրավմայի հաղթահարում

Ինչպես նշվեց, միջսերնդային տրավման փոխանցվում է մի քանի սերունդների, նունիսկ եթե լրացուցիչ տրավմա առկա չէ: Այնուամենայնիվ, հետազոտությունները ցույց են տալիս, որ մանկական անբարենպաստ փորձառությունների ավելի բարձր մակարդակ ունեցող ծնողների երեխաները մանկական անբարենպաստ փորձառությունների ավելի բարձր ռիսկի են ենթարկվում:

Եթե դուք առնչվում եք միջսերնդային տրավմայի հետ, տրավմայի վերաբերյալ տեղեկացված միջամտությունները եւ թերապեւտիկ միջամտությունը կարող են օգնել ձեզ հաղթահարել ձեր սեփական ախտանիշները, հասկանալ միջսերնդային տրավմայի ազդեցությունը եւ ապահովել ձեզ գործիքակազմով, որը կարող է օգնել փոխել խորապես ներկառուցված օրինաչափությունները:

Նույնիսկ եթե դուք չունեք տրավմայի մասին ձեր սեփական հիշողությունները, տրավմայի մասին տեղեկացված մոտեցումը կարող է օգնել կառավարել մարմնի միջսերնդային տրավմայի ֆիզիոլոգիական արձագանքը:

Ապաքինումը միջսերնդային տրավմայից

Միջսերնդային տրավման ժառանգվում է․ դրանից կարելի է ապաքինվել ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ լրացուցիչ տրավմա չի առաջանում հաջորդող սերունդների համար: Այն կարող է բուժվել նույնիսկ շարունակական սթրեսային գործոնների համատեքստում գործիքակազմերի, ներքին ռեսուրսների եւ աջակցության միջոցով, որոնք անհրաժեշտ են ախտանիշների հետ վարվելու եւ միջսերնդային տրավմայի բուն պատճառը բուժելու համար․ ֆիզիկական, հուզական եւ հոգեկան:

Աջակցությունը եւ ռեսուրսները տրավմա վերապրածների եւ միջսերնդային տրավմայով ապրողների համար կարեւոր են ապագա տրավմաները կանխելու համար:

Սա նշանակում է տրավմայի, տրավմայի արձագանքի եւ միջսերնդային տրավմայի վերաբերյալ կրթության տրամադրում ուսուցիչներին եւ ծնողներին, ինչպես նաեւ համակարգային խնդիրների լուծում, որոնք պահպանում են տրավման մարգինալացված բնակչության շրջանում:

Դա նաեւ նշանակում է ընդունել, թե ինչպես է միջսերնդային տրավման ազդում նրանց վրա, ովքեր անձամբ չեն ունեցել տրավմատիկ փորձառություն: Այս ըմբռնումը անհատների միջսերնդային տրավմայից ապաքինման առաջին քայլն է, ինչպես նաեւ հնարավորություն է կանխարգելել ապագա միջսերնդային տրավման:

Հիմնական աղբյուրներ՝ What Is Intergenerational Trauma?, verywellmind (VWM), The legacy of trauma, American Psychological Association (APA), Hidden Burdens: a Review of Intergenerational, Historical and Complex Trauma, Implications for Indigenous Families, National Library of Medicine – National Institutes of Health (NIH)։